«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ». ԲԱՑ ԴԱՍ ԵՐԵՎԱՆԻ «ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ». ԲԱՑ ԴԱՍ ԵՐԵՎԱՆԻ «ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

2021-11-17T14:16:35+00:00 03/02/2016|Երեվան, Լրահոս|

ՊՄՊ Երևանի մարզային ծառայության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների բաժնի նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում անցկացվել է բաց դաս՝ զուգակցվելով «Հիշողության վկաներ» լուսանկարների ցուցահանդեսով: Ներկայացվել են Արևմտյան Հայաստանի 31 հուշարձանների լուսանկարներ. Վանի և Կարսի բերդերը, Աղթամարի և Անիի բազմաթիվ եկեղեցիներ, Բիթլիս նահանգի քաղաքային պատկերը և ճարտարապետական այլ գոհարներ: Ցուցադրված լուսանկարներն ամբողջությամբ պահպանվում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում:

Բաց դասն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար դպրոցում որոշվել է, որ Արևմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարները՝ պատմական հակիրճ ակնարկով, կներկայացնեն հենց իրենք՝ պատմության ուսուցիչները:

Նրանք ներկայացրել են յուրքանչյուր լուսանկարում պատկերված հուշարձանի ստեղծման պատմությունը, խոսել կիսավեր վիճակի մասին, հիշել դրանց հետ կապված ավանդազրույցները:

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի պատմության ուսոցիչ Կարեն Սիրունյանը կարևորել է նման հետաքրքիր և ուսուցողական նախաձեռնությունը: Նա շեշտել է, որ ներկայացնում է ոչ թե կորուսյալ հայրենիքի մշակութային ժառանգությունը, այլ այն հայրենիքի, որը կա և սպասում է իր ժառանգներին: Կարեն Սիրունյանի կարծիքով յուրաքանչյուր հայի գերխնդիրն իր արմատների ուսումնասիրությունն է: «Եթե մենք ծանոթ չլինենք մեր պատմական անցյալին, մեր նախնիների ուժեղ ու թույլ կողմերին, մեր ժողովրդի հաղթանակներին ու պարտություններին, չճանաչենք ինքներս մեզ, ապա ինչպես պետք է ներկայանանք օտարներին: Ցանկացած մարդ ապրում և պատմության մեջ մնում է իր մշակույթով: Այսօրվա բաց դասը պատանիների համար լավ հնարավորություն է ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը, տեղեկանալու, թե ինչպես են ստեղծվել և ինչի հետևանքով են կիսավեր դարձել այդ կոթողները: Հասկանալի է, որ փոխանցված ամբողջ ինֆորմացիան նույնությամբ չի կարող մնալ նրանց գիտակցության մեջ, բայց կմնա այս դասից ստացած զգացողությունը»,-կարծում է պատմության ուսուցիչը:

Բաց դասի ավարտին իրենց ստացած տպավորություններն են փոխանակել աշակերտները: Նրանք շնորհակալություն են հայտնել Արևմտյան Հայաստանի իրենց համար հայտնի ու անհայտ հուշարձաններին ծանոթանալու հրաշալի հնարավորության համար:

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել մշակութային դաստիարակությանն ուղղված հետաքրքիր նախաձեռնության համար և վստահեցրել, որ պատրաստ են արձագանքել յուրաքանչյուր նման առաջարկի և աջակցել դրանց իրականացմանը: