«Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոց

«Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոց 2021-11-11T10:09:14+00:00

Սմբատաբերդի կամ Ցաղաց Քարի բերդի պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում, ուղղահայաց բարձրացող անմատչելի ժայռերի գլխին: Արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով: Նա գրանցված է ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան Ամրոց Սմբատաբերդ /10-14-րդ դդ./ (պետ. ցուցիչ` 9.10.1)` ենթահուշարձան գերեզմանոցով /13-14-րդ դդ./ (պետ. ցուցիչ` 9.10.1.1), գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո (պահպանական գոտի չունի): Ունի  կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի: Պարիսպները շարված են սեպաձև մշակված բազալտի մեծ քարերով՝ կրաշաղախով, սեպի սուր ծայրը դարձրած դեպի պատը, որի հաստությունը 2—3 մետր է։ Պարիսպների ներսում, նրանց ամբողջ երկարությամբ, ձգվում են բազմաթիվ բնակելի շենքեր, որոնք շարված են բազալտի քարաբեկորներով ու ցեխով, բոլորն էլ ավերակ վիճակում։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է, մեկական մուտքեր էլ կան արևելյան և արևմտյան կողմերի հյուսիսային ծայրերից: Հյուսիսային և արևելյան մուտքերը սրահավոր են, շարված են բազալտի սրբատաշ քարերով՝ կրաշաղախով, սրահի տանիքին կան պահակատներ ու դիտանոցներ (նույնպես ավերակ վիճակում): Ամրոցը մի ընդհանուր պատով բաժանված է հարավային և հյուսիսային մասերի. երկու մասերումն էլ կան միջնաբերդեր, ջրի ավազաններ և բնակելի շենքեր։ Հարավային մասում բնակելի շենքերը միայն միջնաբերդում են: Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց քարի մոտի աղբյուրներից, որի ջրմուղի հետքերը որոշակի կերպով նկատվում են լեռնաշղթայի պարանոցի մասում՝ ճանապարհի եզրին: Կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով: Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է:

2011թ. ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, մշակույթի նախարարության պատվերով, իրականացվեցին Սմբատաբերդի մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներն, իհարկե անավարտ մնացին, բայց հատկապես պարիսպների որոշ մասի ամրակայման աշխատանքները կպահպանեն դրանք կործանումից: Կիսատ մնացին հատկապես ներսի շինարարական աղբի հեռացման աշխատանքները, որովհետև այդ ընթացքում բացվեցին շինությունների նոր հետքեր:

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին, անառիկ և խոշոր ամրոցներից է: Հավանական է, որ այն գոյություն ունեցած լինի նույնիսկ V դարից էլ առաջ։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։ Սյունյաց Վասակյան իշխանները Եղեգիսը դարձնելով իրենց վաչաքաղաքական կենտրոնը՝ հավանաբար ռազմական հենակետ են դարձրել հենց այս ամրոցը։ Իսկ Օրբելյանների ժամանակ Սմբատաբերդն ավելի է ամրացվել։ Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անունը, ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներից մեկը` Սմբատ թագավորը, որ գուցե և վերակառուցել է բերդը, բայց ավելի հավանական է, որ նա կոչվելիս լինի 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունով: