«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության և Արագածոտնի մարզի իրավապահների համագործակցության արդյունքում, «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի / պետ.ցուցիչ` 2.87.1/ տարածքում գանձագողություն կատարելու պահին իրավապահների կողմից բերման են ենթարկվել Կոտայքի մարզի բնակիչներ Արման Հովհաննիսյանը և Նվեր Զախարյանը: Հուշարձանն ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձաների ցանկում:
ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը հիմք ընդունելով հուշարձանների պահապանների շրջայցերի ընթացքում արձանագրած գանձախուզության դեպքերը, ավելի վաղ դիմել էր իրավապահներին՝ խնդրանքով համապատասխան միջոցներ ձեռնարկել այդօրինակ դեպքերի կանխման ու բացահայտման ուղղությամբ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուների ու ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ քիչ հետո տեղազննություն կիրականացվի հուշարձանի տարածքում: ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի ղեկավարն ու աշխատակիցները արդեն դեպքի վայրում են: Առավել մանրամասն տեղեկույթ կայքէջում կտեղադրվի ավելի ուշ:
Հ.Գ. Հանրապետական նշանակության հուշարձանի /մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ./ տարածքում գանձագողության մի դեպք էլ արձանագրվել էր 2009 թ.: Այն կանխվել էր հուշարձանի պահապանի կողմից: Գանձագողի նկատմամբ հետագայում դատավճիռ էր կայացվել, սակայն, համաներման ակտի կիրառմամբ նա ազատ էր արձակվել: