ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենության հրավերով հուլիսի 25-ին Վայոց ձորի մարզում էին: Մեր պատմամշակութային հարուստ ժառանգությունը տպավորել էր հյուրերին: Նորավանքի վանական համալրիրի տարածքում ու Մոմիկի թանգարանում նրանց համար էքսկուրսիա է անցկացվել: Երիտասարդներին ներկայացվել է Մոմիկ ճարտարապետի, գործունեությունը, թողած ժառանգությունը:
«Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության միջոցով Կորեայից, Հոնկոնգից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից ու այլ երկրներից առաջին անգամ Հայաստանում հյուրընկալված երիտասարդները էքսկուրսիայի ավարտին իրենց տպավորություններով կիսվել են թանգարանի գրառումների մատյանում:
«Երբեք չէի կարող պատկերացնել, որ յուրաքանչյուր քարն իր առանձին բացատրությունը կունենա, ճարտարապետական կառույցները տպավորիչ էին և այս հիասքանչ վայրն իրոք արժեր տեսնել», -գրառել էր խմբի ամենակրտսերը` 18-ամյա Պուի Յի Ցսանը:
Ֆրանսիացի Սիմոն Գոտյեն գրառումների մատյանում ոչինչ չէր գրել, թեև շատ տպավորված էր: Մինչ այստեղ գալը նա Հայաստանի մասին պատմող գիրք էր գնել ու մանրակրկիտ ուսումնասիրել: Սիմոնը խմբի ամենահետաքրքրասերն էր, անցնող օրերին նա գրքի էջերից առանձնացրել էր իրեն հետաքրքրող տեսարժան վայրերը, որտեղ հասցրել էր լինել` Սևանավանք, Հայաստանի Ազգային պատկերասրահ, Գառնի, Հայաստանի Պատմության թանգարան: Ֆրանսիացի կամավորը մտադիր է մեր երկիր գալ նաև տարվա այլ եղանակի, երազում է լինել Ամբերդում ու Աղձքում: Ձմռանը նախատեսում է Հայաստան այցելել նաև իսպանացի Ալբա Սոնեյրան:
«Ուզում եմ ձյան շերտով պատված Արարատը տեսնել ու հիանալ այդ գեղեցկությամբ: Նորավանքի ժայռերն էլ այնքան մեծ էին, որ դրանցով շրջապատված ինձ շատ փոքր էի զգում», – անկեղծացել է նա, հավելելով, հայկական ու իսպանական մշակույթների մեջ ներդաշնակ նմանություն կա:
Լատիվիացի Ագնեսա Թիմբարեան էլ փորձում էր հայերենի իմացությամբ զարմացնել:
«Բարև, ոնց ես, ես հայերեն եմ սովորում, շատ սիրեցի Հայաստանը», -լատվիական շեշտադրումով հայերեն խոսող կամավորը դժվարանում էր հնչյունները ճիշտ արտաբերել: Նա Հայաստանից կմեկնի փետրվարին, իր իսկ խոսքով` ավելի վարժ հայերենի իմացությամբ:
Օտարերկրացի կամավորներին տպավորել էր նաև հայկական հյուրընկալությունը, մարդկանց ջերմությունը: Երիտասարդները Հայաստանից կմեկնեն հուլիսի 27-ին: Մեկնումից առաջ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կամավորներին հյուրընկալվել են ՀՈՒՋ ղեկավար Ստեփան Ստեփանյանը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Ս. Ստեփանյանը բարձր է գնահատել կամավորների իրականացրած աշխատանքը, ուրախալի համարել փաստը, որ տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հասցրել են նաև մտերմանալ:
«Ձեր կամավորական աշխատանքներում մեզանից յուրաքանչյուրը վերհիշել է իր երիտասարդ տարիները: Մենք պատրաստ ենք ձեզ հյուրընկալել նաև գալիք տարի», – իր խոսքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Կամավորներին ներկայացվել է նրանց աշխատանքների ու ժամանացի մասին լուսապատկերային ցուցադրություն, ապա ՀՈՒՋ ղեկավար Ս. Ստեփանյանը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը նրանց պատվոգրեր են հանձնել: