ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

2018-03-29T15:57:16+00:00 24/05/2016|Գեղարքունիք, Լրահոս|

Գեղարքունիքի մարզ,ք. Սևան, պետ. ցուցիչ` 4.4.18

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա (հիմնադրման ժամանակ` կղզի): Համաձայն ավանդության` ժամանակակից եկեղեցին հիմնադրվել է քանդված հեթանոսական մեհյանի տեղերում և օծվել է Գրիգոր Լուսավորչի կողմից` 305 թ. (ավանդության համաձայն` Լուսավորիչը կառուցել է նաև Ս. Հարություն եկեղեցին, որն այժմ ավերված է):

Վանքը ճարտարապետական լուծումներով հիանալի ներդաշնակություն է կազմում բնության հետ և պատահական չէ, որ մասնագետների բնորոշմամբ համարվում է միջնադարյան հայ ճարտարապետության բացառիկ կառույցներից:

Այսօր կանգուն եկեղեցիներից առաջինը Առաքելոցն է (Ս. Կարապետ): Եկեղեցու պատի արձանագրությունից պարզ է դառնում, որ 874 թ. այն կառուցվել է Աշոտ Բագրատունու դուստր և Սյունիքի վաղամեռիկ իշխան Վասակի կին Մարիամի նախաձեռնությամբ, ով ուխտել էր ամուսնու հիշատակին կառուցել 30 եկեղեցի:

Ս. Կարապետն իր չափերով փոքր եկեղեցի է: Դրսից և ներսից ունի խաչաձև տեսք, պատկանում է եռաբսիդ կենտրոնագմբեթ տաճարների տիպին: Մուտքը հարավարևմտյան կողմից է` շրջապատված կամարով, իսկ հարավարևելյան կողմում պահպանվել է ավելի ուշ շրջանի մի մատուռ:

Ս. Աստվածածինը գտնվում է Առաքելոց եկեղեցուց հարավ-արևելք: Այն ևս կառուցվել է իշխանուհի Մարիամի նախաձեռնությամբ (այդ պատճառով Սևանավանքը երբեմն անվանվում է նաև «Մարիամաշեն») և Առաքելոց եկեղեցու ժամանակակիցն է: Պետք է նշենք, որ այն Առաքելոցի կրկնությունն է` ավելի մեծ չափերով: Հետագայում նրա շուրջ ավելացվել են օժանդակ նշանակության որոշ կառույցներ և հարավարևելյան կողմում՝ շինությանը կից, կառուցվել է մատուռ: Եկեղեցու արևմտյան կողմում եղել է գավիթ, որից մնացել են որոշ հետքեր, իսկ պահպանված երկու նրբակերտ փայտե սյուներն ու խոյակներն այսօր պահվում են Հայաստանի պատմության թանգարանում և Էրմիտաժում:

Վանքի երկու եկեղեցիներն էլ կառուցվել են կիսամշակ քարերով. սրբատաշ քարերն օգտագործվել են միայն առավել կարևոր մասերում: Տարածքում կան բազմաթիվ հոյակերտ խաչքարեր, ինչպես նաև` Ս. Հարություն եկեղեցու և ժամանակի տնտեսական շինությունների մնացորդներ:

Վանքը բազմիցս թալանվել և ավերվել է մոնղոլական և լենկթեմուրյան արշավանքների ժամանակ: Վերականգնումը սկսվել է 1441 թ.՝ Հայրապետական Աթոռը Էջմիածնում վերահաստատելուց հետո: Վանքը շոշափելի վնասներ է կրել նաև խորհրդային տարիներին` մարդկային և բնական գործոնների ազդեցությամբ, իսկ 1990-ական թթ. վերաբացվել է դպրանոցը` նպաստելով հոգևոր կյանքի վերածնվելուն:

Սևանավանքը հայոց աշխարհի կարևոր կրթական կենտրոններից է: 874 թ. Մաշտոց Ա. Եղիվարդեցին այստեղ հիմնել է Ս. Առաքելոց միաբանությունը և բացել դպրոց: 1445 թ. Դանիել վարդապետի ջանքերով բացվել է Սևանի վարդապետարանը, որը գործել է որպես անապատ` Բարսեղ Կեսարացու և Սարգիս Սաղմոսավանեցու կազմած համակեցության ընդհանուր կանոններով: Դասավանդման գործընթացը իրականացվել է Տաթևի համալսարանի ավանդներին համապատասխան: Այստեղ իրենց անդուլ գործունեությամբ աչքի են ընկել միջնադարյան ժամանակաշրջանի այնպիսի հայտնի հոգևոր և գիտական գործիչներ, ինչպիսիք են կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Մխիթար Սեբաստացին և այլք:

Օգտագործված գրականություն
1. Հարությունյան Վ., Հայ ճարտարապետության պատմություն, Երևան, 1992թ.
2. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, Երևան, 1984թ.
3. Sevan, documenti di architettura, Սևանի ավազանի հուշարձանները, հեղ.` Ս. Մնացականյան, Milano, 1987թ.