ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը և ՊՄՊ Երևանի մարզային ծառայությունը համատեղ «Իմ սիրելի հուշարձանը» թեմայով շարադրությունների մրցույթ են կազմակերպել Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում։
Մինչև մրցույթի անցկացումը մասնակից 7 և 8-րդ դասարանների աշակերտները մարզային ծառայության աշխատակիցների և մանկավարժների շնորհիվ ընդգրկուն տեղեկություններ են ստացել մայրաքաղաքի հուշարձանների մասին, անգամ` ծանոթացել դրանց վերաբերյալ հնչած տարաբնույթ կարծիքներին։
Մանկավարժներին ու մարզային ծառայության աշխատակիցներին հաճելիորեն զարմացրել է Երևանի հուշարձանների վերաբերյալ դպրոցականների տեղեկացվածությունն ու հետաքրքրությունը։ Մրցույթի կազմակերպիչներից և դպրոցի մանկավարժներից կազմված ժյուրին ընտրել է երեք լավագույն շարադրությունները: Երեք հեղինակներն էլ հրաշալի ներկայացրել են Արա Հարությունյանի հեղինակած Կոմիտասի, Երվանդ Քոչարի՝ Սասունցի Դավթի և Արտաշես Հովսեփյանի՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանները, դրանց պատմական, գեղարվեստական արժեքը և այդ անհատների ունեցած դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Հաղթողները` 7-րդ դասարանի աշակերտներ Էլեն Խաչատրյանը, Սյուզաննա Հարությունյանը և 8-րդ դասարանի աշակերտուհի Իլոնա Ղազարյանն արժանացել են գովասանագրերի և որպես նվեր ստացել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հնագիտական նյութերի մեկական պատկերաշար։