«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում հյուրընկալել են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետների պատմության բաժնի 2-րդ կուրսի ուսանողներին: Ապագա պատմաբաններին ուղեկցել են բուհի Հայոց պատմութան ամբիոնի դասախոսներ, դոցենտներ, պ․ գ․ թ․ Ֆրունզե Մայիլյանը և պ․գ․թ․ Լևոն Սիմոնյանը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և գիտական գծով տեղեկալ Կարեն Փահլևանյանը ողջունելով ուսանողներին ներկայացրել են ՊՈԱԿ-ի բազմաբնույթ գործունեությունը, խոսել մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների ամենօրյա աշխատանքի մասին։ Նրանք անդրադարձել են նաև ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող 19․ 000-ից ավելի հուշարձանների պահպանությանը, խնդիրներին, հանրահռչակմանը ուղղված միջոցառումներին։
Ուսումնական պրակտիկայի շրջանակում ՊՈԱԿ այցելած երիտասարդները տնօրենի տեղակալներ Կարեն Փահլևանյանի և Լիաննա Գևորգյանի ուղեկցությամբ շրջել են ՊՈԱԿ-ի ֆոնդերում, ծանոթացել փաստավավերագրական նյութերին՝ անվանի ճարտարապետների նախագծերին, չափագրություններին, ինչպես նաև իրային ֆոնդում պահվող հնագիտական, ազգագրական, գործվածքի հավաքածուներին։ Ուսանողները առանձնահատուկ հետաքրքրությամբ են ծանոթացել վերականգնման լաբորատորիայի աշխատանքներին, վերականգնվող առարկաներին։
Առաջիկայում նախատեսվում է ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնական պրակտիկան կազմակերպել նաև ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններում։