Մեծամորի Կուր-արաքսյան (վաղբրոնզեդարյան) բնակատեղին հիմնականում բաղկացած էր իրար մոտ, իրար կից և առանձին տեղադրված, կլոր կամ ձվաձև հատակագծով կացարաններից, որոնք երբեմն համալրվել են նաև ուղղանկյունաձև կցակառույցներով: Կացարաններն ունեցել են ոչ բարձր քարաշար հիմք և հում աղյուսներով արված, դեպի վեր բարձրացող և աստիճանաբար նեղացող կիսաձվաձև վերնամաս, որը տանիքի հատվածում ավարտվել է կլորավուն երդիկով: Ըստ ամենայնի, կառույցի ողջ ծանրությունն իր վրա է կրել կացարանի կենտրոնում կանգնեցված գերանը, որն ավարտվել է հորիզոնական դիրքով ամրացված փայտե խաչաձև վերնամասով և դրանով պահել տանիքը: Այս կացարանները տեղադրված են եղել մանր գլաքարով տոփանված փողոցի երկու կողմերում: