Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին հեքիաթային ու տոնական էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Մանկական գեղեցիկ ու հոգեթով երգերի հնչյունների ներքո պարում և ուրախանում էին օրվա հերոսները:
Թեև միջոցառումը նախատեսված էր օրվա երկրորդ կեսին, սակայն, առավոտից արգելոց-թանգարանը մարդաշատ էր՝ աշխույժ այցելուներով: Նրանցից շատերը իրենց փոքրիկ աչուկներով՝ զարմացած ու հետաքրքրությամբ նայում էին հեթանոսական տաճարին՝ ասես հասկանալով, որ հուշարձանի տարածքում իրենք սովորական այցելու չեն, այլ՝ տանտեր:
Երկու ժամից ավելի տեւած միջոցառում-համերգը հանդիսականներին տեղափոխել էր մանկական երազանքների հեքիաթային ու գունագեղ աշխարհ:
Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի պարային խմբերը՝ «Արասո», «Արտմե» և «Արմելադ», պարային խմբերը, ինչպես նաև՝ Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաները իրենց պրոֆեսիոնալ կատարումներով հիացրել էին ներկաներին:
Միջոցառման բացման պատիվը տրվել էր «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Երևանի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի սաներին:
Մանուկների օրը «Գառնի»-ում նաև հարսանեկան գեղեցիկ ֆոտոշարք ունենալու առիթ էր: Ամուսնական զույգը հեթանոսական տաճարի ֆոնին նկարվելուց հետո, «անցել» է նաև՝ սուսերամարտիկների կազմած կամարի տակով:
Երգ, պար ու հեքիաթների ամենատարբեր ու բարի հերոսների հետ խաղեր: Միջոցառումը եզրափակել են հեքիաթների հերոսները՝ հեքիաթային հետաքրքիր աշխարհում նորից հանդիպելու ակնկալիքով:
Լավագույն ու սպասված անակնկալն էլ վերջում էր՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը անակնկալ էր պատրաստել: Երեխաները Գառնիից հեռացել են քաղցրավենիքներով: