Ս․ թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Մարքեթինգի և զարգացման ծրագրերի բաժինը կիրականացնի՝ «Անտեսանելին՝ տեսանելի» կրթամշակութային ծրագիրը /ԿԳՄՍ նախարարության պատվերով/։
Նախաձեռնությանը կմասնակցեն մայրաքաղաքի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները։ Տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար աշխարհաճանաչողությունը տեղի է ունենում հիմնականում ձեռքերով շփման և լսողության զգայարաններով: Այս նրբությունները հաշվի առնելով և հետևելով կրթօջախի մանկավարժական կոլեկտիվի խորհուրդներին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ընդգրկել է խեցեգործության և թատերական արվեստի դասընթացները:
Առաջարկվող ծրագրի շրջանակում նախատեսվում է երկու դպրոցների աշակերտների այց և էքսկուրսիա «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Երեխաները կծանոթանան տաճարի պատմությանը, կուսումնասիրեն հնագիտական առարկաները։ Նախատեսվում է, որ դպրոցականները ծրագրի ավարտին կներկայացնեն Զվարթնոց տաճարի պատմությունը թատերական ներկայացման միջոցով՝ կերպարանավորելով Զվարթնոցի ուսումնասիրությամբ ու վերականգնմամբ զբաղված նվիրյալ ճարտարապետներին և հնագետներին՝ Մեսրոպ Տեր-Մովսիսյանին, Խաչիկ վարդապետ Դադյանին, Թորոս Թորամանյանին, այլոց։
Ծրագրի ընթացքում երեխաները կայցելեն նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։