«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է Տոլմայի Համահայկական Հոբելյանական 10-րդ փառատոնը։ Նպատակը՝ հայկական ավանդական ուտեստը նորովի ներկայացնելն ու փառատոնի միջոցով հուշարձանի հանրահռչակումն էր:
Փառատոնի մասնակցության հայտ ներկայացրած տարբեր կազմակերպություններ /25 տաղավար/ միջոցառմանը պատրաստվել էին բավականին գեղեցիկ ու յուրօրինակ։ Մրցակցությունն ակնհայտ էր կազմակերպությունների միջև նույնիսկ տաղավարների արտաքին դիզայնից։ Այցելուներին ու խստապահանջ ժյուրիին ներկայացվել էր տոլմայի մոտ 70 տեսականի։ Ժյուրիի անդամները կատակում էին, որ ամբողջը համտեսելը մի փոքր դժվար է, բայց տպավորվել էին փայծախով, ձմերուկով, սնկով, բազուկի համով, ռեհանի ու նանայի տերևի մեջ փաթաթած, կանեփի յուղով, նռան հատիկով ու չամիչով, ոչխարի մսով պատրաստած տոլմաների համերով։
Փառատոնի ամենակրտսեր մասնակիցը 7-ամյա Մհեր Հարությունյանն էր։ Միջոցառման մասին նա իմացել էր Սեդրակ Մամուլյանից։ Վերջինս, Մհերին բնութագրեց որպես համերի փոքրիկ իշխան ու խոստումնալից խոհարար, ով հասկանում է, թե ինչպես կարելի է համերը կոմպոզիցիայի վերածել։
Տոլմայից բացի որոշ տաղավարներում ներկայացվել էր նաև քաղցրավենիք, փախլավա, գաթա, ընդեղեն։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ, ժյուրիի անդամներն ամեն անգամ զարմանալու առիթ են ունենում։ Այս անգամ իրենց տպավորել էր այն, որ տաղավարներից մեկը տոլմայի տարբեր տեսակներով Մարտիրոս Սարյանի բնանկարներից մեկն էր պատկերել։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօերն Արա Թարվերդյանի խոսքով էլ, այսօրինակ միջոցառումները նպաստում են հուշարձանի հանրահռչակմանը։
«Մեր խնդիրը նյութական և ոչ նյութական ժառանգության հանրահռչակումն է և մենք փորձեցինք մեկտեղ ներկայացնել այն», -ողջունելով փառատոնի մասնակիցներին ասել է Արա Թարվերդյանը։
Փառատոնի մրցութային մասում, առավելագույն միավորներով հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան ՊՈԱԿ-ը։ Մրցանակներ են հանձնվել նաև այլ անվանակարգերում։
Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգերի կատարումներով, պարային խմբերի ելույթներով։