Բեկորներից ամբողջական պատկեր ու պատմություն. վերականգնվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտածոները:

Բեկորներից ամբողջական պատկեր ու պատմություն. վերականգնվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտածոները:

2022-08-31T17:07:39+00:00 31/08/2022|Լրահոս|

Վերականգնող մասնագետի ձեռքին հազարամյա պատմության բեկորներ են: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորաիայում այժմ   մաքրվում, ամրակայվում և վերականգնվում են 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում  գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված իրերը. Դրանք ավելի քան 500-ն են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ: Նյութերը պահվում են  ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում:

Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտածոներից այժմ վերականգնվում է  10 միավոր առարկա, որոնք եղել են բեկորային վիճակում։ Դրանք նախ  առանձին-առանձին լվացվել են, մաքրվել, այնուհետև՝ սկսվել է հավաքման փուլը:

Աննա Բաղդասարյան- «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող ․«Որպեսզի պատկերացնեք ինչ աշխատանք ենք կատարում, նշեմ, որ օրինակ մեկ միավոր առարկա՝ ասենք կավե սափոր ամբողջական վերականգնելու համար հնարավոր է ամիսներ աշխատենք, որովհետև լինում է, որ ինչ որ մասնիկ է բացակայում կամ այնքան էլ ամուր չի կպել կավը և այլն, իսկ մենք պետք է վերականգնենք այն այնպես ինչպես եղել է հազարամյակներ առաջ»:

10-ը  առարկայից այս պահին հավաքվել է 3 ամբողջական և երկու թերի կավե անոթ, մնացածը՝ հավաքման փուլում է, հնագիտական նյութերի բացակա հատվածները լրացվում են գիպսով։

Ներքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. XXII/XXI – VIII/VII դդ. և վկայում են, որ այն հաջորդաբար օգտագործվել է շուրջ 1500 տարի: Ըստ որում, պեղված նյութերում հանդիպում են թռեղք-վանաձորյան (մ.թ.ա. XXII – XIX դդ.), սևան-արցախյան (մ.թ.ա. XIX/XVIII – XVI դդ.), լճաշեն-մեծամորյան (մ.թ.ա. XV-IX դդ.) և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր:

Ներքին Գետաշենի դամբարանադաշտում տարբեր ժամանակաշրջաններում պեղումներ են իրականացվել. Առաջինը՝ 1905-1906 թթ. այստեղ  պեղումներ է իրականացրել Երվանդ Լալայանը: 1960-ականններին՝ հնագետ Գեդեոն Միքայելյանը: 1989-1991 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նորակառույցների բաժնի հնագիտական արշավախումբը (ղեկավար՝ Աշոտ Փիլիպոսյան) դամբարանադաշտի պահպանված հատվածում պեղել է շուրջ չորս տասնյակ քարարկղային և հիմնահողային դամբարաններ, որոնցում հանդիպում են անհատական և խմբային թաղումներ:

Աշոտ Փիլիպոսյան – «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար ․

«Ներքին Գետաշենի տարածքում պեղված դամբարանների հնագիտական նյութի ուսումնասիրությունը վկայում է, որ այստեղ թաղված են եղել  տվյալ հասարակության սոցիալական վերնախավի ներկայացուցիչները և հիմնական հանգուցյալի հետ նույն դամբանախցում հայտնաբերվել են նաև զոհաբերված և տիրոջն անդրաշխարհ ուղեկցող մարդկանց խումբ՝ կազմված տարբեր տարիքի տղամարդկանցից, կանանցից և երեխաներից»: