Երերույքի ճարտարապետական համալիրը գրավոր աղբյուրներում և մասնագիտական գրականության մեջ հանդիպում է Երերույքի բազիլիկ, Երերույքի Սբ. Աստվածածին և Երերույք անվանումներով: Երերույքի տաճարի պատմության մասին ավելի մանրամասն, այսուհետև կարելի է կարդալ երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն տաճարի տարածքում օրերս տեղադրված տեղեկատվական վահանակում:
Հնագիտական վերջին հետազոտությունների համաձայն՝ տաճարը թվագրվում է VI դ.: Հայաստանի նշանավոր ճարտարապետական այս կառույցը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի արևելյան կողմում: Երերույքը ոչ միայն հայկական դասական ճարտարապետության, այլև վաղ քրիստոնեական կառուցողական արվեստի նվաճումներից է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ տեղեկատվական վահանակ է տեղադրվել նաև Ջրափիի քարավանատան տարածքում:
Այն կառուցվել է X-XI դդ-ում: Միջնադարյան կառույցի պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31 մ ընդհանուր երկարությամբ և 13,65 մ լայնությամբ: Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա և վերաբերում է քաղաքի ծաղկման շրջանին: Այս մասին են վկայում քարերի վրա վարպետների փորագրած նշանները, որոնք նման են նույն ժամանակաշրջանի հուշարձանների վրա հանդիպող նշաններին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանը զուգահեռ շարունակում է իրականացնել տեղեկատվական վահանակների տեղադրման, թարմացման աշխատանքներ։