Վասակաբերդը V դ. ամրոց է, որը ժամանակին նկարագրել է ազգագրագետ Ե. Լալայանը, առանց հիշատակելու նրա անունը: Համաձայն վերջինիս վկայության՝ ամրոցը գտնվել է բլրի գագաթին, ունեցել է երկու պարիսպ: Բերդի գագաթին եղել է մի ավազան, որի ջուրը բերվել է մոտակա հարավային կողմի լեռներից, որովհետև այդ ուղղության վրա են գտնվել փողրակները: Ինչպես բերդի շուրջը, այնպես էլ ներսում նկատելի են եղել տների հետքեր: Բերդի հյուսիսային ստորոտին, գետի ափին գտնվել են կարասներ՝ լի մարդկանց ոսկորներով: Հատկանշական է, որ կարասային թաղումների իրողությունը վկայում է ամրոցի ավելի վաղ շրջանի պատմության մասին:
Այս հնավայրը հայտնի է նաև «Վասակաշատ», «Վասակակերտ» (վկայվել է Ծղուկք գավառում. Տաթևի վանքին հարկատու գյուղերի հին ցուցակում (X դ.)), «Սիսական բերդ», «Սիսիանի բերդ» անուններով: Ստ. Օրբելյանը Հայոց Մուշե կաթողիկոսի Սյունիք կատարած այցելության կապակցությամբ երկրամասի գահանիստ կենտրոնը հիշատակել է «Կից վտակաց» վայրում, որը համապատասխանում է Վասակաբերդի աշխարհագրական դիրքին:
Ենթադրվում է, որ Վասակաշատը հայոց մարզպան Վասակ Սյունու (Vդ.) բերդաքաղաքն էր: Ըստ պատմիչ Եղիշեի՝ հայ նախարարները Վարդանանց պատերազմի ընթացքում գրավել են Վասակաշատը: Այդ մասին է վկայում նաև հայ բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը:
Ամրոցի միջնադարյան շրջանի պատմության հետ առնչվող կարևոր մանրամասն է ջնարակած խեցեղենի և ապակյա անոթների բազմաթիվ բեկորների առկայությունը բերդատեղում: Պատմաբան Մորուս Հասրաթյանի կարծիքով՝ դրանք նման են Անիում, Դվինում, Նախիջևանում, Ռեյում հայտնաբերված նյութերին և վկայում են նրա առևտրական կապերի մասին Անիի թագավորության և մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում: