Ոսկեպարի Սբ. Աստվածածին կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցին կառուցվել է VII դարում։ Եկեղեցու մասին առաջին գրավոր վկայությունը գրի է առել բանահավաք Ս. Քամալյանը, որը 1884թ. նշել է «Հին գիւղի արևելակողմը՝ ձորակի եզերքին կառուցած է այս վանքը, տաճար խաչաձև, ներքուստ սրբատաշ քարով. Ունի կաթուղիկէ նորաշէն…»:
Հետագայում եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունների ուսումնասիրությամբ զբաղվել են Ս. Տեր-Ավետիսյանը, Ա. Յակոբսոնը, Գ. Շախկյանը, Պ. Կունեոն, Մ. Հասրաթյանը և այլք: Այն Մաստարայի տիպի եկեղեցիների փոքրաչափ օրինակներից է:
Աղոթասրահը քառակուսի է (5,4 X 5,4 մ), պսակված ներսից և դրսից ութանիստ թմբուկ ունեցող գմբեթով: Անցումը քառակուսի հիմքից գմբեթի բոլորակ թաղին իրականցված է երեք շարքում տեղադրված տրոմպների միջոցով: Խաչաթևերը ավարտվում են միաչափ կիսաշրջանաձև խորաններով, որոնց կորության կենտրոնը 65սմ ետ է ընկած ճակատային գծից: Խաչաթևերից երեքը՝ բացի արևլյանից, արտաքինից ուղղանկյուն են, ի տարբերություն այդ տիպի մյուս հուշարձանների, որոնցում հնգանիստ են: Ավագ խորանին երկու կողմից կից են արևելք-արևմուտ ձգված ուղղանկյուն հատակագծով ավանդատներ, ծածկված կիսագլանձև թաղով:
Մուտքերը երկուսն են՝ արևմտյան և հարավային կողմերից, պսակված զույգ կիսասյուների վրա բարձրացող կամարակապ ճակտոններով: Դրանց ուղղանկյուն խորշերում փորված են ծաղկուն խաչեր:
Թմբուկի նիստերը մշակված են անկյունային մասերի զույգ կիսասյուներից բարձրացող զարդակամարաշարով: Պատուհաններն ունեն վաղ միջնադարին հատուկ պարզ հորինվածքի պսակներ:
Արևելյան պատուհանի պսակը ձևավորված է եռաթերթ տերևնեևի շարքով: Համանման մոտիվ՝ գալարուն ցողուններով միավորված, ունեցել է նաև նախնական քիվը, որից միայն առանձին բեկորներ են մնացել: Պատերը նստած են աստիճանաձև որմնախարսխի վրա: Արևելյան և հարավային ճակատաներում երևում են երկուական աստիճաններ, մյուսներում մեկական: Եկեղեցու վեղարը ութանիստ բուրգ է՝ ներկայումս ծածկված քարե սալերով, եղել է կղմինդրածածկ, կորագիծ եզրագծով:
Կառուցված է ավազաքարի սրբատաշ խոշոր քարերով, որոնց մի մասը ժամանակի ընթացքում հողմահարվել է: Պատերը ներքուստ եղել են սվաղված:
Հուշարձանը նորոգվել է 1975-77 թթ., որի ժամանակ նորացվել են տանիքների ողջ ծածկասալերը, քիվերը, պատերի ճակատային քարերի որոշ մասը՝ հատկապես կտուրին մոտիկ գտնվող շարքում: