Սամսոնավանք

Սամսոնավանք

2023-12-06T10:36:46+00:00 06/12/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Սամսոնավանքը վերագրվում է XII-XIII դարերին։ Ըստ ավանդության վանքը կառուցել է որմնադիր Սամսոնը: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, գերեզմանատնից, բնակելի ու տնտեսական նշանակության օժանդակ շինություններից, որոնք գտնվում են ավերված վիճակում։

Գլխավոր կամ Մեծ եկեղեցին համարյա կանգուն է, դրանց վրա պահպանվել են կրոնական բովանդակությամբ որմնանկարների մնացորդներ։ Կառուցված է մոխրագույն սրբատաշ ավազաքարով՝ շարված կրաշաղախով, պատերը ներսից սվաղված են, ունի գմբեթ։ Մուտքը արևմուտքից է, արևելյան կողմում ունի ցածրիկ բեմ։

Փոքր եկեղեցին գլխավոր եկեղեցու հարավային կողմում է։ Արևմտյան պատին կան անթվակիր վիմագիր արձանագրություններ: Ունի թաղակապ միանավ դահլիճի հորինվածք, արևելյան կողմում կիսաշրջան աբսիդով։ Այս շինության միայն արևելյան հատվածն ու պատերի ստորին շարքերն են պահպանվել։ Եկեղեցին ունեցել է որմնանկարներով զարդարված թաղակապ ծածկ։

Մատուռը կիսավեր վիճակում է, կառուցված է սրբատաշ քարերից, փոքր թաղածածկ, երկթեք կտուրով շինություն է։ Միանավ բազիլիկի ձև ունի, արևմտյան կողմից կիսաշրջան աբսիդով: Ծածկը և հյուսիսային կողմի պատը փլվել են։ Ներսից և դրսից պատերին փորագրված են նվիրատվական, անվանական մի քանի արձանագրություններ։ Գերեզմանատան տապանաքարերը խաչքարերի պատվանդանները սրբատաշ քարերի բեկորները ծածկված են հողով։