ԽՈՏ ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ԽՈՏ ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

2018-03-29T15:59:55+00:00 16/10/2015|Սյունիք, Լրահոս|

Սյունիքի մարզի Հին Խոտ գյուղատեղիի գերեզմանոցի հուշարձանախումբն ընդգրկված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Թվով 15 հուշարձաններից /պետ. ցուցիչ` 8.47.3.1.2- 8.47.3.1.16/, տասներկու խաչքարեր են, դրանցից յոթը` խոնարհված, երեքը՝ տապանաքարեր: 10-20-րդ դարերով թվագրված գերեզմանոցը գտնվում է Սյունիքի մարզի Խոտ գյուղատեղիի հարավ արևմտյան եզրին` ավերված վիճակում: Գերեզմանոց հուշարձանի տարածքում ծառահատում չի իրականացվել և հուշարձանախումբն անխաթար է:

Սոցիալական ցանցերից մեկի օգտատեր Գևորգ Ղազարյանը օրերս մտահոգություն էր հայտնել, թե ավերվել է Հին Խոտի գերեզմանատունը, որտեղ ծառահատումներ են իրականացվում: Կից նաև լուսանկար էր հրապարակել:

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ տարածքը, որտեղ ծառ է հատվել, սեփականության իրավունքով պատկանում է նշված գյուղի բնակիչ Աշոտ Հայրապետյանին և հուշարձան գերեզմանոցի հետ առնչություն չունի: Հողատարածքը գերեզմանոցից առանձնացված է պատով: Մի քանի տապանաքար իսկապես գտնվում է սեփականատիրոջ հողատարածքում, սակայն դրանք ընդգրկված չեն Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Հետևաբար Ա. Հայրապետյանը ծառահատում է իրականացրել իր հողամասում և ոչ թե գերեզմանոցի տարածքում:

Այդուհանդերձ, ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը խոսել է Խոտ համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանի հետ` հորդորելով տապանաքարից հեռացնել կտրված ծառի ճյուղերը: Առավոտյան հատված ճյուղերը հեռացվել են տապանաքարից: