ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

2015-12-03T15:29:24+00:00 01/12/2015|Լրահոս|

Ս. թ. հուլիսի 27-ից սեպտեմբերի 4-ը Բրիտանական թանգարանում անցկացված միջազգային ծրագրի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և մրցույթի հիման վրա, ՊՈԱԿ-ի փորձագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյանը օրերս մասնակցել է Գերմանիայում և Հնդկաստանում անցկացված միջազգային ծրագրերի:

«Դրեզդենի պետական արվեստի հավաքածուներ» հեղինակավոր կազմակերպության տնօրենի՝ Հադվիգ Ֆիշերի հրավերով Դավիթ Պողոսյանը մեկնել է ընկերության մասնաճյուղ Լայպցիգ և Գրասսի ազգագրական թանգարան` ներգրավվելով «Դրեզդենի հետազոտողի»՝ իրեն տրված դրամաշնորհի իրականացման աշխատանքներին: Փորձի փոխանակման ծրագրի շրջանակում, թանգարանի մշակութային ծրագրերի համակարգող Քրիստին Ֆիշերի հետ համատեղ, Դ. Պողոսյանը մասնակցել է նաև թանգարանում անցկացվող մի շարք կրթամշակութային ծրագրերի իրականացման գործընթացերին, կազմակերպող կուրատորների ուղեկցությամբ ցանոթացել թանգարանի ցուցադրությանը, համեմատական վերլուծություններ կատարել թանգարանի տարբեր բաժիններում:

Այցելություն է կազմակերպվել նաև Դրեզդեն, որտեղ հանդիպումներ են եղել կազմակերպության թանգարանային համակարգի այլ մասնագետների հետ, շրջայցեր՝ Դրեզդենի աշխարահռչակ գեղարվեստական թանգարաններում: ՊՈԱԿ-ի փորձագետը եղել է տասից ավելի ազգագրական թանգարաններում ու տեսարժան վայրերում:

Հնդկաստանի Մումբայ քաղաքի Չհաթրապաթի Շիվաջի Մահարաջ Վասթու Սանգրահալայա թանգարանում էլ, Բրիտանական թանգարանը հանդիսավորությամբ նշել է իր միջազգային վերապատրաստման ծրագրի տասնամյակը և կազմակերպել երկօրյա աշխատաժողով՝ «Աշխարահի պատմությունների թանգարանների ստեղծումը» թեմայով: Հնդկական և Բրիտանական թանգարանների երկկողմանի հրավերով Դ. Պողոսյանը Մումբայում մասնակցել է սույն միջազգային մասնագիտական աշխատաժողովին, որին ներկա են եղել 20 երկրների պատվիրակներ, ինչպես նաև թանգարանների և հիմնադրամների տնօրեններ:

Աշխատաժողովի քննարկումը ծավալվել է ունիվերսալ թանգարանների ցուցադրական գործունեության նոր հայեցակարգերի և Բրիտանական թանգարանի փորձի քննարկման շուրջ: Մասնակիցները բաժանվել են խմբերի և ստեղծել սեփական թանգարանային հայեցակարգերը: Դ. Պողոսյանը ակտիվորեն ներգրավվել է աշխատաժողովի բոլոր միջոցառումներին, ներկայացրել սեփական տեսակետները, հանդիպումներ ունեցել տարբեր մասնագետների հետ:

ՊՈԱԿ-ի փորձագետ Դ. Պողոսյանը, Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցների՝ Մ. Մկրտչյանի և Հ. Մկրտչյանի հետ միասին ներկա են եղել նաև Բրիտանական թանգարանի միջազգային վերպատրաստման ծրագրին: