ԲԱՑ ԴԱՍԵՐ ԳԱՌՆԻՈՒՄ ԵՎ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍԵՐ ԳԱՌՆԻՈՒՄ ԵՎ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

2016-10-12T14:34:38+00:00 September 27th, 2016|Լրահոս|

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում անցկացվել է «Ժառանգությունը և համայնքները» խորագրով բաց դաս։ Գառնի համայնքի թիվ 1 և թիվ 2 դպրոցների աշակերտներին ներկայացվել է տաճարի և համայնքի պատմությունը։ Արգելոց-թանգարանի վարիչ Արամ Բաբայանը մասնավորապես անդրադարձել է Գառնիի տաճարի աշխարհագրական դիրքի առանձնահատկությանը, ճարտարապետական արժեքին, խոսել արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պատմամշակութային մյուս կառույցնեերի մասին։

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության և Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցի համատեղ նախաձեռնությամբ էլ կրթօջախի բարձր դասարանների աշակերտների համար անցկացվել է անկախության 25 ամյակին նվիրված բաց դաս: Դպրոցի պատմության ուսուցիչ Աշոտ Մուրադյանն անդրադարձել է «Կարմիր Եղցի» (Հին Գետիկ, պետ. ցուցիչ՝ 4.63.10) եկեղեցական համալիրին, ներկայացրել կառուցման դարաշրջանը, խոսել ճարտարապետական առանձնահատկության մասին: Նեկայացնելով հուշարձանի վերաբերյալ պատմական տեղեկություններ՝ Ա. Մուրադյանն անդրադարձել է համալիրում Մխիթար Գոշի ծավալած գործունեությանը և նշել, որ 13-րդ դարում երկրաշարժի հետևանքով ավերվելուց հետո Գոշը տեղափոխվել է այժմյան Գոշ գյուղ և այստեղ էլ կառուցվել է Գոշավանքը:

Բաց դասին ներկա է եղել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Հայկ Ջառահյանը: Դասի ավարտին՝ պատասխանելով «Կարմիր Եղցի» վանական համալիրի պահպանությանը վերաբերող աշակերտների հարցերին, Հ. Ջառահյանը նշել է, որ հուշարձանի պահպանության գործում կարևոր դեր ունի նրանցից յուրաքանչյուրը: Դպրոցականները ցանկություն են հայտնել այցելել համալիրի տարածք և տեղում ծանոթանալ որոշ մանրամասների:

Միջոցառման ընթացքում հնչել են Լուսինե Զաքարյանի անմահ կատարումները։