ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության և «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի ջանքերով Եղեգնաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպվել է «Վայոց ձորի միջնադարյան հին ու նոր գտածոներ» խորագրով միջոցառումը: Այն անցկացվել է Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը: ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ Վայոց ձորը թանգարան է բաց երկնքի տակ, ինչի վառ վկայությունը Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարուստ հավաքածուն է, որտեղ ընդգրկվել են ոչ միայն պեղումների արդյունքում, այլև գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերված առարկաներ։
ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները, 40-ից ավելի ուսանողներ, ուսուցիչներ հնարավորություն են ունեցել ծանոթանալու Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարուստ հավաքածուին՝ նախ լուսանկարների միջոցով, ապա` արդեն թանգարանում տեսնել ուշագրավ առարկաները։ Ներկայացվել են Վայոց ձորի տարածքից գտնված 10-17-րդ դարերի կավից պատրաստված առարկաներ․ Եղեգիս քաղաքի ավերակներից գտնված ջրաման (10-11-րդ դդ.), քրեղաններ (12-13-րդ դդ.), կաթնաման (13-14-րդ դդ.), Հոստունի պեղումներից գտնված ջրատար խողովակ (13-14-րդ դդ.), սկուտեղ (13-14-րդ դդ.), եռանկյունաձև ճրագաման (16-18-րդ դդ.), Գլաձոր գյուղից գտնված կուժ (12-13-րդ դդ), Արկազի Ս․ Խաչ եկեղեցու հարակից մշակովի տարածքից գտնված կանթեղ- խնկաման (11-12-րդ դդ.), Վայոց ձորի քարանձավներից մեկից գտնված տրեխ (17-րդ դ.), Եղեգնաձորի Քյոշկ ամրոցի տարածքից գտնված ծխամորճ (15-17-րդ դդ.), ջնարակված ափսե (12-13-րդ դդ.) և այլն։
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակից Կարինե Ստեփանյանը և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը խոսել են այդ առարկաների պատմամշակութային նշանակութայն մասին, հիշել հետաքրքիր մանրամասներ։