«ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ՝ ՏԵՍԱՆԵԼԻ»՝ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

«ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ՝ ՏԵՍԱՆԵԼԻ»՝ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

Ս․ թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Մարքեթինգի և զարգացման ծրագրերի բաժինը կիրականացնի՝ «Անտեսանելին՝ տեսանելի»  կրթամշակութային ծրագիրը /ԿԳՄՍ նախարարության պատվերով/։

Նախաձեռնությանը կմասնակցեն մայրաքաղաքի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները։ Տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար աշխարհաճանաչողությունը տեղի է ունենում հիմնականում ձեռքերով շփման և լսողության զգայարաններով: Այս նրբությունները հաշվի առնելով և հետևելով կրթօջախի մանկավարժական կոլեկտիվի խորհուրդներին  «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը ընդգրկել  է խեցեգործության և թատերական արվեստի դասընթացները:

Առաջարկվող ծրագրի շրջանակում նախատեսվում է երկու դպրոցների աշակերտների այց և էքսկուրսիա «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Երեխաները կծանոթանան տաճարի պատմությանը, կուսումնասիրեն հնագիտական առարկաները։ Նախատեսվում է, որ դպրոցականները ծրագրի ավարտին կներկայացնեն Զվարթնոց տաճարի պատմությունը թատերական ներկայացման միջոցով՝ կերպարանավորելով Զվարթնոցի ուսումնասիրությամբ ու վերականգնմամբ զբաղված նվիրյալ ճարտարապետներին և հնագետներին՝ Մեսրոպ Տեր-Մովսիսյանին, Խաչիկ վարդապետ Դադյանին, Թորոս Թորամանյանին, այլոց։

Ծրագրի ընթացքում երեխաները կայցելեն նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։