«Նոր Վարագավանք» կամ «Անապատ» վանական համալիրը տեղակայված է Տավուշի մարզի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք: Այս ճարտարապետական համալիրը եղել է Վահրամյաների իշխանության հոգևոր կենտրոնը, որը կառուցել են հենց Վահրամյանների վասալները՝ Նոր Բերդի Կյուրիկյան իշխաններ Դավիթ Բ-ն ու նրա որդի Վասակը:
Այս համալիրի մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում XIII դ․ պատմագիրներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին: Նախքան վանքախմբի հիմնադրվելը, այստեղի ժամանակագրության, պատմական անձերի և իրադարձությունների մասին գրավոր աղբյուրներ չեն պահպանվել: Հուշարձանախմբի պատերին և դրանց շրջակայքում գտնվող խաչքարերի վրա պահպանված հնագույն արձանագրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ դեռևս XII դ. կեսերին վանքի տեղում բնակատեղի է եղել:
Վանական համալիրի «Անապատ» անվան վերափոխումը Նոր Վարագավանքի կապված է մոնղոլական ներխուժումների հետ, որի հետևանքով Վասպուրականի ավերված Վարագա վանքի վանահայր Ղուկասն այնտեղ պահվող ս. Նշանը (խաչը) տեղափոխում և 1231 թ. հաստատում է այստեղ: Ի հիշատակ ավերված վանքի, «Անապատ»-ը վերանվանվում է «Նոր Վարագավանք»:
«Նոր Վարագավանք» վանական համալիրը ներառում է Ս. Աստվածածին և Անապատ վանքի եկեղեցիները, կրկնահարկ տապանատունը, մատուռը, փոքր և մեծ գավիթները:
Սբ Աստվածածին եկեղեցի – համալիրի գլխավոր կաոույցն է, որն ինչպես հուշարձանախմբում, այնպես էլ շրջակա միջավայրում իշխող դիրք ունի: Համաձայն արձանագրությունների՝ եկեղեցին կառուցվել 1224 – 1237 թթ. ընթացքում: Կիրակոս Գանձակեցու հավաստմամբ՝ օծումը տեղի է ունեցել 1240 թ.:
Եկեղեցին ներքուստ ճարտարապետական զուսպ հարդարանք ունի, իսկ արտաքուստ հագեցած է բազմաբովանդակ հարթաքանդակներով: Այդ առումով հետաքրքրական են եկեղեցու արևմտյան շքամուտքի քանդակները: Աչքի են ընկնում բուսակենդանական և երկրաչափական բազմատեսակ պատկերաքանակները՝ ոճավորված կենաց ծառեր, մարդկային գլխով կնդանակերպ ֆիգուրներ, թռչուններ և այլն: Շքամուտքի ընդհանուր հորինվածքի վրա իր ազդեցությունն է թողել Անիի XII դ. շքամուտքը:
Մեծ գավիթ – Սբ Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից, քառակուսի հատակագծով, երկու զույգ փոխհատվող կամարներով կենտրոնակազմ կառույց է:
Փոքր գավիթ – Սբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատի արևմտյան մասում գտնվում է փոքր գավիթը, որն իր մեջ ներառում է վանական համալիրի երեք հուշարձանների արևմտյան ճակատները: Ենթադրվում է, որ շինարարությունը սկսվել է Սբ Աստվածածին եկեղեցու օծումից հետո և տևել՝ 5-6 տարի:
Անապատ վանքի եկեղեցի – համալիրի հարավարևելյան մասում է գտնվում: Ուղղանկյուն հատակագծով այս կառույցը համալիրի առաջին շինությունն է (1198 թ.), որի արևելյան մասում գտնվում է միջանկյալ պատով երկու անհավասար բեմերի բաժանված ավագ խորանը: Եկեղեցու արևմտյան ճակատին և նրա երկու կողմերում ագուցված են կամարաձև շքեղազարդ խաչքարեր, իսկ արևելյան ճակատի ճարտարապետական հորինվածքի ստեղծման մեջ էական նշանակություն ունեն խորանների լուսամուտները, որոնց շուրջ էլ արված է ողջ զարդարանքը:
Մատուռ – վանքի հարավարևմտյան կողմում գտնվող մատուռը ուղղանկյուն հատակագծով կառույց է։ Արևելյան մասում ավագ խորանն է, որի կիսակլոր ետին պատին միակ լուսամուտն է, իսկ արևմտյան մասում քանդակազարդ շրջանակով մուտք է բացված։ Չունի արձանագրություններ և մատենագրության մեջ հիշատակված չէ։ Ճարտարապետական ձևերով և հարդարանքով նման է XIII դ. համանման կառույցներին։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Սարգսյան Գ., Անապատ կամ Նոր-Վարագվանքը և նրա վիմագրությունը, «Էջմիածին», 1952, № 9–12
- Քարտաշյան Հ., Նոր Վարագավանքի ճարտարապետական համալիրը, ԼՀԳ, 1984, № 7