ԿԱՄՈՒՐՋ

ԿԱՄՈՒՐՋ

ԿԱՄՈՒՐՋ
Արագածոտնի մարզ
ք. Աշտարակ
պետ. ցուցիչ՝ 2.1.21

 

Քասաղ գետի վրա կառուցված կամուրջը հայ միջնադարյան կամրջաշինության նշանավոր կառույցներից է: Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայության, կամուրջը կառուցել է Մոծակենց Մահտեսի խոջա Գրիգորը 1664 թ., որի մասին արձանագրությունը փորագրվել է կամրջի միջին և մեծ կամարների միջև, ճակատային պատին (այժմ՝ սվաղված): Աշտարակի կամուրջը իր չափերով Հայաստանի մեծ կամուրջներից է (երկարությունը՝ 76,20 մ, լայնությունը՝ 6,25 մ): Եռակամար քարե կառուցվածք է, որը հաջողությամբ ներգծված է տեղանքին: Տեղանքի պայմաններով թելադրված՝ կամրջային անցումը թեք է: Բարձր՝ ձախ ափին հանգչում է մեծ հենամիջի ձախափնյա խելը, իսկ աջ ափը զգալիորեն ցածր է ձախ ափից: Աջափնյա փոքր կամարը կիսաշրջանաձև է, միջին և գլխավոր կամարները սլաքաձև են: Կամրջի եզրապատերը աստիճանաձև են, որով առավել ընդգծվում է կամրջի ընդհանուր հորինվածքային ձևը: Կառուցված է սրբատաշ ծիրանագույն տուֆաքարով և կրաշաղախով:
Նորոգվել է 1950-60 թթ. և 2004 թ:

Աշտարակի կամուրջը իր ճարտարագիտական տեխնիկայով կամրջաշինության լավագույն օրինակներից է: Կարևոր դեր է խաղացել պատմական Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացման ու ռազմական տեղաշարժերի ապահովման համար:
Քասաղ գետի ձախ ափին, ներկա կամրջից 15 մ հեռավորության վրա պահպանվել են ավելի հին՝ ենթադրաբար XII-XIII դդ. կամրջի խելի մնացորդներ:

Հիմնական գրականություն

Հարությունյան Վ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960:

Երվանդ Շահազիզ, Աշտարակի պատմություն, Երևան, 1987: