«Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրություն։ Հենց այստեղ՝ «Մեծամոր»-ի թանգարանի բակում է գտնվում մ․թ․ա III-I հազարամյակով թվագրվող վիշապքարը, որը հայտնաբերվել է Լճաշեն գյուղի տարածքից․Վիշապաքարի հայտնաբերման պատմությունը ներկայացրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը:
Մեր առջև կանգնած այս Վիշապաքարը գտնվել է Լճաշեն գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք, «Համալիր տարածք» կոչվող գոգավոր տեղանքից 1980 թ․ ջրատար խողովակներ տեղափոխելիս, հետազոտվելուց հետո բերվել է «Մեծամոր» թանգարան:
Հայկական լեռնաշխարհին հատուկ են Վիշապաքարերը, որոնց բարձրությունը հասնում է մինչև 5 մետրի. ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձի, արագիլի տեսք ունեցողները։ Դրանք գտնվել են հիմնականում լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի և ջրամբարների մոտ:
Միջոցառմանը մասնակցող ՀՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը ուրախությամբ արձանագրում է. Թեև «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2022 թ.-ից, բայց փաստ է, այն հաջողված ծրագիր է, որը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար:
Ծրագիրը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ համակարգմամբ և ունի կրթական և ճանաչողական բնույթ։ Վիշապաքարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, ոչ միայն Հայաստանում այլև միջազգային հնագիտության մեջ։
Հնադարյան հուշակոթողների ծիսապաշտամունքային նշանակությունը, Վիշապաքար բառի ստուգաբանությունը, տեսակները ներկաներին ծանոթացրել է հնագետ /պ․գ․դ.պ/ Աշոտ Փիլիպոսյանը։
«Եվրոպական հնագիտության օրերի» շրջանակում իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը, իսկ Լճաշենի դամբարանի գտածոները, վիշապաքարերի նմուշներով ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբեր։